Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դհոլ, հայկական հարվածային ազգային երաժշտական գործիք։ Այն պատկանում է երկկողմանի թմբուկների դասին։ Այս գործիքը տարածված է նաև տարբեր ազգերի մոտ և օգտագործվում է երաժշտական համույթներում։ Դհոլը բաղկացած է գլանաձև սնամեջ մարմնից կամ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան։ Մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը։ Դհոլի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից (պողպատ, լատուն և այլն), ակրիլային պլաստիկից, իսկ գլանաձև մարմնի երկու կողմերից ձգվում է այծի կամ հորթի մշակված կաշին։
Դհոլ նվագելու համար պահանջվում են երկու փայտե ձողիկներ (հաստ՝ կոպալ և բարակ՝ ճիպոտ, որոնք պատրաստված են բամբուկից կամ եղեգից։ Ձայնը հնչում է երկու փայտե ձողիկներով կամ մատների ծայրով և ձեռքերի ափերով հարվածելով ձգված կաշվին։ Դհոլը նվագակցում է գրեթե բոլոր երաժշտական գործիքների հետ։ Հիմնականում դհոլի հետ նվագում են զուռնա, դուդուկ և այլ փողային գործիքներ։ Դհոլի մեծ վարպետներից են հայ երաժիշտներ Զիգֆրիդ Զիվա Գաբոյանը, Ռոբերտ Դարունցը, Ջո Զաքարյանը։
Դհոլը տարբեր ժողովուրդների մոտ օգտագործում են երաժշտական համույթներում, տարբեր ծիսակատարությունների և հարսանյաց հանդեսների ժամանակ։
-
Թիֆլիսի հայ երաժիշտներ, ձախ կողմինը նվագում է դհոլով, լուս․՝ մինչև 1900 թվականը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 422)։
|