Լիդիա
Լիդիա | |
---|---|
Լիդիա, (մ.թ.ա.12-րդ դարից-մ.թ.ա.546), Հին աշխարհում պետություն Փոքր Ասիա թերակղզում, տարածվում էր Էգեյան ծովից մինչև թերակղզու խորքը[1]։ Մայրաքաղաքը Սարդիսն էր[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիայի բնակչության ռասայական պատկանելությունը դեռևս անհայտ է։ Ընդհանրապես Լիդիայի բնակչության վրա մեծ ազդեցություն են ունեցել խեթերը. ինչպես ենթադրվում է, Լիդիայի թագավորական դինաստիաներից մեկը ունեցել է խեթթական ծագում։ Բնակչության խոսակցական լեզուն եղել է լիդիերենը, որը պատկանել է հնդեվրոպական լեզվաընտանքի անատոլիական խմբին։ Գրագրությունը կատարվել է լիդիական այբուբենով, որը նման է եղել հունականին։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիական մշակույթը իրենից ներկայացնոմ է շատ բազմազան ու բարդ երևույթ։ Իրենց այբբենական գրությունը լիդիացիները վերցրել են Փոքր Ասիայի հույներից։ Լիդիայում զարգացած է եղել բժշկությունը և դեղագործությունը։ Լիդիացիները կառուցել են անառիկ ամրոցներ, թագավորական դամբարաններ, բարդ արհեստական ջրամբարներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիական պետության պատմությունը մեզ է հասել անտիկ գրականությանը բնորոշ կիսաառասպելական տեսքով, ինչպես նաև դրվագային տեղեկություններ արևելյան, հատկապես ասորեստանյան աղբյուրներից։ Բայց ամենահավաստի տեղեկությունները Լիդիական թագավորության մասին մեզ են հասել հնագիտական պեղումների արդյունքում, որոնք իրականացվել են 1958 թվականից՝ Լիդիայի մայրաքաղաք Սարդի տեղանքում։ Քաղաքական կառավարման առումով Լիդիան միապետություն էր. պետության գլխավորը համարվում էր թագավորը։ Թագավորի իշխանության հենքը նրա թիկնազորն էր ու բանակը, հատկապես մեծ դեր ունեին լիդիական այրուձին և հանրահայտ մարտակառքերը։ Արտաքին և ներքին կարևոր հարցերում որոշումներ կայացնելու համար հավաքվում էր ազգային ժողովը, բայց թագավորական իշխանության ամրապնդման հետ աստիճանաբար այն կորցնում է իր նշանակությունը։ Լիդիական պետության ծաղկման սկիզբը համարվում է մ.թ.ա. 7-6-րդ դարերը, երբ իշխանության գլուխ անցավ Մերմնադների դինաստիան, որի հիմնադիրը համարվում է Գիգեսը։ Նա ծագում էր նշանավոր, բայց ոչ թագավորական տոհմից և իշխանությունը զավթել էր պալատական հեղաշրջման արդյունքում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիայի տնտեսության հիմնական ուղղությունը հողագործությունն էր, քանի որ նրա աշխարհագրական դիրքը և կլիմայական պայմանները նպաստավոր էին հողագործությամբ զբաղվելու համար։ Անծայրածիր արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվել նաև անասնապահությամբ, և հատկապես ձիաբուծությամբ։ Գտնվելով հունական և հին արևելյան մշակույթների հատման օղակում՝ Լիդիական պետությունը վարում էր ակտիվ առևտրական գործունեություն։ Համաձայն անտիկ աղբյուրների՝ Լիդիան համարվում է մետաղադրամի հայրենիքը։ Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են մեր թվականությունից առաջ 7-րդ դարի լիդիական մետաղադրամներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բ.Ի. Կուզիշինա, Հին Արևելքի պատմություն, 2003
- ↑ Rhodes, P.J. A History of the Classical Greek World 478–323 BC. 2nd edition. Chichester: Wiley-Blackwell, 2010, p. 6.
- ↑ "Lydia" in Oxford Dictionary of English. Oxford University Press, 2010. Oxford Reference Online. 14 October 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 612)։ |