Շերլ
Շերլ | |
---|---|
Շերլի բյուրեղներ, Մադագասկար | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | NaFe2+3Al6Si6O18(BO3)3(OH)4 |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.CK.05[1] |
Դանա դասակարգում | 61.3.1.10 |
Նույնականացում | |
Գույն | Սև |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ[1] |
Մոոսի կարծրություն | 7 |
Թափանցիկություն | անթափանց |
Ենթակատեգորիա | Տուրմալին |
Շերլ, ( գերմ.՝ Schörl), կամ սև տուրմալին[2], նաև շերլիտ[3], բորոսիլիկատների դասի հանքանյութ, տուրմալինի տարատեսակ, որը բնութագրվում է բյուրեղավանդակում նատրիումի և երկվալենտ երկաթի առկայությամբ։ Ի տարբերություն տուրմալինի այլ տարատեսակների այն թափանցիկ չէ։ Ունի հարուստ սև գույն, որը պայմանավորված է երկաթի ատոմների առկայությամբ։ Օգտագործվում է արդյունաբերության մեջ հիմնականում որպես պիրոէլեկտրիկ և պիեզոէլեկտրիկ, սահմանափակ չափով՝ ոսկերչական իրերի պատրաստման ոլորտում, և օպտիկայում՝ բևեռացնող ֆիլտրերի արտադրության համար։
19-րդ դարում և դրանից առաջ «շերլ» էին անվանում ընդհանրապես բոլոր տուրմալինները, շատ սովորական էին «կանաչավուն շերլեր», կամ «դեղին շերլ», և միայն 20-րդ դարի կեսերին տերմինը վերջնականապես սկսեց օգտագործվել ժամանակակից նշանակությամբ։ Այսպիսով հիմա «շերլ» անվանումը տալիս են միայն այն տարատեսակին, որին հնում անվանում էին «սև շերլ»։
Նկարագրություն, տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միներալի քիմիական բանաձևը՝ NaFe2+3Al6Si6O18(BO3)3(OH)4: Երկվալենտ երկաթի փոխարեն խառնուրդների ձևով կարող են հանդես գալ մագնեզիումը, մանգանը և եռավալենտ երկաթը[3]։
Բյուրեղանում է սյունաձև պրիզմաների տեսքով, որոնց նիստերի համար բնորոշ են բյուրեղի երկարությանը զուգահեռ խորը նրբագծերը։ Լայնակի կտրվածքում պրիզման ունենում է սֆերիկ եռանկյունու ձև։
Շերլը երկրակեղևում լայնորեն տարածված միներալ է։ Նրա խոշոր հանքավայրեր գտնվում են ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում։ Երբեմն այս միներալը հանդիպում է ոչ թե պրիզմայի ձևով, այլ ասեղնաձև բյուրեղներով ագրեգատների տեսքով։
Նորվեգիայի Կրագերիո հանքավայրի շերլի տարատեսակն ուժեղ տաքացնելիս փրփրելու հատկություն ունի և անվանվում է աֆրիցիտ (հուն․՝ aphrizein «փրփրել»)[4]։
Սև տուրմալինի բարակ ասեղնաձև բյուրեղներ պարունակող անգույն թափանցիկ քվարցի բյուրեղներին անվանում են տուրմալինային քվարց։ Լինում են դեպքեր, երբ տուրմալինի սև ասեղները քվարցի ներսում առաջացնում են զվարճալի պատկերներ։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերության մեջ կիրառումը պայմանավորված է միներալի պիրոէլեկտրիկ և պիեզոէլեկտրիկ հատկություններով։ Օգտագործվում է գերճշգրիտ փականներ, ջերմաստիճանի ու ճնշման տվիչներ պատրաստելիս։
Ոսկերչության մոջ շերլը չեն երեսակում, բայց հղկում են բիժուտերիայում օգտագործելու համար։ Մեծ Բրիտանիայում և որոշ այլ երկրներում շերլն օգտագործվում է սգի համար նախատեսված զարդեր պատրաստելու համար՝ ուլունքներ, բրոշկաներ, ականջօղեր։ Բացի այդ շերլից, ինչպես նաև տուրմալինային քվարցից պատրաստում են գրենական պիտույքներ, օրինակ՝ պրեսպապյե և այլ դեկարատիվ առարկաներ։
Օպտիկայում օգտագործվում է բևեռացնող ֆիլտրերի պատրաստման համար։ Տուրմալինի բյուրեղները հանդիսանում են լավ բևեռացնողներ, տուրմալինի բյուրեղի արդեն 1մմ հաստության դեպքում սովորական լույսը նրա կողմից ամբողջությամբ կլանվում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шуман В. Турмалин // Мир камня. В 2-x т.. — Мир, 1986. — Т. 2. Драгоценные и поделочные камни. — С. 104—107. — 263 с. — 100 000 экз.(չաշխատող հղում)
- Чёрный турмалин // Минералы. Сокровища Земли : журнал. — 2014. — № 24. — 120 000 экз. — ISSN 2075-0587.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шерл // Каталог Минералов.ру